Իր մասին

նկ․՝ Արմեն Վահրամյան «Բակունց»

 

 

Հավերժ սիրելի և աչքերիս առջև կենդանի կանգնած Ակսելի յուրաքանչյուր բառի ու դարձվածքի մեջ մերթ մրմնջում են, մերթ երգում Հայաստան աշխարհի երկնահաս լեռներն ու անդնդախոր վիհերը, անհուն երկինքն ու արագավազ գետերը, և այդ ամենից վեհ ու պայծառ` Հայաստանի հրաշք արևը:

 

 

Մարտիրոս Սարյան

Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը․․․․Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով:

---

Եվ հիմա էլ տասնամյակների միջով տեսնում եմ նրան՝ կանգնած Մարգերի ամենաբարձր բլուրի վրա․․․ Տեսնում եմ նրան... Եվ հուշերիս մեջ նրա ասպետական կերպարի առաջ իրենց ճերմակ գլուխներն են խոնարհում իմ ծննդավայրի երախտապարտ լեռները․․․․

Համո Սահյան

Անմահ Բակունցը միայն մերը չէ, դարերինն է։ Նրա փառքը անմահ է, դարերինն է։ Ակսելը մեր լեզուն կոկեց… վճիտ ջրով ցողեց ու իր՝ ակսելյանը թողեց… Բակունցի պատմվածքներում հազիվ թե կարելի է գտնել որևէ էջ, ուր ադամանդների պես չշողշողան նրա համեմատություններն ու փոխաբերությունները, որ իր սև ցելերի սերմնացանի օրինակով այդպես առատորեն շաղ է տվել իր գրավիչ երկերում:

Հարություն Մկրտչյան

«Միրհավ» նովելը ես առանց երկմտելու կդասեի Մոպասանի նմանօրինակ պատմվածքների շարքը: Ինչի՞ց է հյուսված այս նովելը. ծիրանի ծառերի միջից սողոսկող արևի լույսից, խաղողի հյութի բույրից, որ գալիս է այգու խորքում ծածկված հնձանից, որտեղ աշխատում է երիտասարդը․․․

Կ. Զելինսկի

Հմայիչ, կախարդիչ զրուցակից էր Բակունցը։ Նրա հետ կարելի էր ժամերով խոսել և երբեք չհոգնել… Որքան լրջամիտ, լրջախոհ էր Բակունցը, նույնքան և սրամիտ ու սրախոս էր: Վահրամ Ալազան Բակունցը, սակայն, ամենևին էլ տխուր գրող չէ։ Նրա էջերը լեցուն են պայծառ լավատեսությամբ։

…Ամենուրեք նա տեսնում է զարմանալիորեն բազմազան, մարդուն բերկրանք պատճառող բնության գեղեցկությունը: Բակունցը լիրիկ գրող է: Նրա նկարագրությունները աղբյուրի նման խոխոջում են ոչ բարձր ձայնով, բայց և բյուրեղյա մաքրությամբ ու տիրաբար:

Վ. Կիրպոտին

Խորունկ էր նա ու հմայիչ, հանդարտ ու հստակ։ Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում․․․Երբ բարձրանում էր տրամադրությունը, «չարություններ չէր անում»… Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր. -Ոչ մի հող այսպես չի բուրում…

 

         

Ու հիմա, երբ տարիների մեգ-մառախուղից հիշում եմ նրան, պատկերանում է նա ինձ իր իմաստուն, խորաթափանց հայացքով եւ մանկական իր հստակ ժպիտով: Նա էր լուսավոր հանճարը զանգեզուրյան մութ ձորերի․․․ Մեզ հետ է նա՝ հայկական լեռնաշխարհի հզորաթև արծիվը, սև ցելերի վաստակավոր սերմնացանը․․․

Գուրգեն Մահարի

Կոմիտասի երկերի և Սարյանի գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են Կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանի կտավների գույներով։ Դա Ակսել Բակունցն է:

Ավ․ Իսահակյան

Բակունցի արժեքը իրական է։ Ակսելի մի քանի պատմվածք միայն կարդացած եմ պատահաբար, որոնք հայտնության մը պես եղան ինծի համար և հրճվանքով լեցուցին զիս:

Լևոն Բաշալյան